ՔՊ-ն նախընտրական «Ապագա կա՛» կարգախոսը կձևափոխի «խաղաղություն» բառի հավելմամբ․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկում է «խաղաղություն» բառը նախընտրական «Ապագա կա՛» կարգախոսի մեջ ավելացնելու հարցը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ նախընտրական կարգախոսի հարցը քննարկվում է արդեն կես տարի: ՔՊ-ում կարծում են, որ միակ աշխատող կարգախոսը խաղաղությունն է, որին հանգել են հարցումների արդյունքում, նշել է թերթը։

Լրատվականի տեղեկությամբ՝ հարցումներից պարզվել է, որ Արցախի կորստից և մյուս իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն: Այդ պատճառով էլ կուսակցությունն առաջնորդվելու է գաղափարով, որ 2021-ին ասել են «Ապագա կա՛», և ահա՝ բերել են այդ ապագան՝ խաղաղությունը։ Թերթը հավելել է, որ վերջնական ձևակերպում դեռևս չկա։

Կուսակցության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին իր ասուլիսին ասել էր, որ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ խմբակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա՛, կա, ապագա» կարգախոսով։

Leave a Comment