ԱՄՆ նախագահը ՀՀ դեսպանին վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության գործընթացներին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վերջինս վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացներին, հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում։

Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար։

Դեսպանության փոխանցմամբ՝ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության։

«Թրամփն առանձնակիորեն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի») տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

Leave a Comment