Ադրբեջանական բենզինը վաճառվում է հայտարարված գնից ավելի էժան. ԶԼՄ – Armenia Today

«Ռան օիլ» ընկերությունր դեկտեմբերի 23-ին սկսել է ադրբեջանական բենզինի վաճառքը: «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ արդեն իսկ Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում՝ Երևանի «Ռան օիլ» -ի բոլոր բենզալցակայաններում ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով, այսինքն՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան:

«Սկզբում մենք նախնական գին էիք հնչեցրել, բայց հաշվարկներից հետո հնարավորություն եղավ բենզինի գինը սահմանել 430 դրամ»,- ասել է «Մեգա Թրեյդի» տնօրենը:

Նա պնդել է՝ որևէ մտավախություն չունեն ադրբեջանական բենզինի վաճառքի հետ կապված, եթե ունենային, 11 վագոն վառելիք չէին գնի:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» ընկերությունը Ադրբեջանից շուրջ 600 տոննա վառելիք է գնել, որը դեռ 4 օր առաջ էր ներկրել Հայաստան: Մոտավորապես այդ քանակությամբ ադրբեջանական վառելիք գնել է հայաստանյան ևս մեկ ընկերություն, որը, սակայն, մինչև օրս գաղտնի է պահում իր ով լինելը: Թե ինչով է պայմանավորված այդ զգուշավորությունը, հայտնի չէ:

Սակայն «Ռան օիլ»-ի բենզալցակայանից օգտվող վարորդների մեծ մասը «Ազատությանն» ասել է, որ թեկուզ և էժան, բայց ադրբեջանական ծագման վառելիք չեն գնի: Այլ բան է, որ գնելիս չեն կարող պարզել վառելիքի ծագումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով լի 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։

Leave a Comment