«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խոսքերը վերլուծելու ու նեղ մասնագիտական կարծիք տալու համար քննիչները բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանին երեք ժամից ավելի պահել են Քննչականում, հայտնում է «Ազատությունը»։
Դիլբարյանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում ուժայինները փորձել են նրան ստիպել խոստովանել, որ փորձագիտական կարծիքը գրվել է «ճնշման ներքո»։
«Ես ներկայացրել եմ կարծիք, որտեղ լեզվաբանորեն հիմնավորել եմ, որ խոսքային այդ շղթան, շարահյուսական և ձևաբանական ու ոճաբանական տեսանկյունից չի ենթադրում կոչ, այսինքն՝ չի ենթադրում երկրորդ կողմի առկայություն, որը կդիմի ինչ-որ գործողությունների, ինչը հետագայում մեղսագրվել է իրեն»,- նշել է փորձագետը։
Դիլբարյանը կարծել է, թե Կարապետյանի գործը քննող 53 հոգանոց խմբին հետաքրքրում է, թե ինքը որ հեղինակների ու գիտնականների աշխատանքներից է օգտվել, մասնագիտական եզրակացությունը գրելիս, արդյո՞ք օբյեկտիվ է, ու դոցենտ Դիլբարյանը ցանկը կազմած ներկայացել է ՔԿ։ Նրա խոսքով, սակայն, կարծիքի բովանդակության հատվածը րոպեներ է տևել, 3 ժամ քննիչները նվիրել են բոլորովին ուրիշ բանի՝ փորձելով համոզել նրան խոստովանել, որ եզրակացությունը գրվել է պատվերով։
Փորձագետը նման հարցադրումը վիրավորական է անվանել մասնագետի համար։ «Իմ ամբողջ կյանքում պաշտպանել եմ օրենքը, իրավունքը և մարդկանց, ու ծիծաղելի էր, երբ ինձ ուզում էին համոզեին տարբեր բառաշրջումներով, շրջասույթներով, փոխաբերություններով, որ ինձ վրա ճնշում են գործադրել կամ ինձ ուղղորդել են։ Գիտեք, մասնագետին ուղղորդելը ծիծաղելի է», – հավելել է նա։
Գրականագետ Եղիազարյանը, որը նույնպես փորձագիտական կարծիք էր հայտնել, որը հակասում էր հետաքննության վարկածին, նշել է, որ իր տունը խուզարկվել է. քննիչները առգրավել և ուսումնասիրել են նրա համակարգիչն ու հեռախոսը։
