ԱՄՀ–ում նշել են Հայաստանի տնտեսական աճի ռիսկերն ու հնարավորությունները

Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը նշել է Հայաստանի տնտեսական աճի ռիսկերն ու հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսության աճի ներուժը կազմում է տարեկան մոտ 5%. «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը:


«Այն որոշ չափով բարձր է մեր նախկին վերլուծությունների համեմատ՝ արտացոլելով ավելի բարձր աճին նպաստող կառուցվածքային զարգացումները, ինչպիսիք են, օրինակ՝ ԱՄՀ հաջորդական ծրագրերի օժանդակությամբ տնտեսական բարեփոխումների իրականացումը, Ռուսաստանից բարձր որակավորմամբ աշխատողների մեծ համայնքի ներգաղթը, տնտեսության մեջ մեծ թվով փախստականների ինտեգրումը և խաղաղության օրակարգի ուղղությամբ քայլերի իրականացումը», – նշել է նա։


Խոսելով ռիսկերի մասին, որոնք կարող են ազդել հեռանկարների վրա՝ Ռավատը նշել է համաշխարհային առևտրի և ներդրումների նվազման ռիսկերը, ինչը հանգեցնում է հիմնական առևտրային գործընկերների մոտ ավելի դանդաղ աճի, ինչը կպակասեցնի Հայաստանից արտահանման նկատմամբ պահանջարկը։ 


«Բացի այդ, տարածաշրջանում լարվածության վերսկսումը և աշխարհաքաղաքական տեղաշարժերը կարող են հանգեցնել փոխարժեքի անկայունության՝ հնարավոր բացասական ազդեցություն ունենալով սպառման, առևտրի և բնակարանային շուկայի վրա», – ասել է նա։


Դրական տեսակետից Ռավատը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի արագ իրականացումը և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների կարգավորումը կարող են տարածաշրջանում համագործակցությունը բարելավել։ 


«Հայաստանի հարավում տարանցիկ երկաթուղու և ճանապարհային հաղորդակցությունների կառուցման, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ մեկտեղ, այս նախագծերը կարող են օժանդակել Հայաստանի ավելի բարձր տնտեսական աճին՝ լոգիստիկ փոխադրման ծախսերի նվազեցման և առևտրի ծավալների մեծացման միջոցով։ Բիզնես միջավայրի և աշխատաշուկայի բարելավման բարեփոխումների նախատեսվածից արագ իրականացումը կարող է աճը խթանել, հատկապես՝ միջնաժամկետ հեռանկարում», – նշել է Ռավատը։ 

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ


Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 5,1% չափով, իսկ 2026 թվականի համար՝ 5,4%։ Ըստ Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 5,9-5,9% միջակայքում, 2026 թվականին՝ 6,3-4,1%, իսկ 2027 թվականին՝ 4,9-5,3%։


Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ հետևյալն են․ ԵԱԶԲ՝ 6%՝ 2025 թվականին և 5,3%՝ 2026 թվականին, Համաշխարհային բանկ (ՀԲ)՝ 5,2%՝ 2025 թվականին և 4,9%՝ 2026 թվականին, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 5%՝ 2025 թվականին և 5,5%՝ 2026 թվականին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 5%՝ 2025 թվականին և 4,5%՝ 2026 թվականին, Ասիական զարգացման բանկ՝ 6%։


Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Leave a Comment