Թրամփի վարչակազմը 3000 դոլար է առաջարկել ԱՄՆ-ն կամավոր լքող միգրանտներին

Թրամփի վարչակազմը եռապատկել է ԱՄՆ-ն կամավոր  լքող միգրանտներին տրվող վճարումը


ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Թրամփի վարչակազմը եռապատկել է ԱՄՆ-ից կամավոր հեռացող միգրանտների վճարի չափը՝ հասցնելով 3000 դոլարի։


Թրամփի վարչակազմը մինչև 3000 դոլար է բարձրացրել այն միգրանտներին տրվող վճարի չափը, որոնք կամավոր կլքեն ԱՄՆ-ն։ Այս մասին հայտնել են Ներքին անվտանգության դեպարտամենտից (DHS):


Այս վճարը կտրամադրվի ԱՄՆ-ում անօրինական գտնվող այն անձանց, որոնք կհամաձայնեն հեռանալ երկրից մինչև տարեվերջ: Առաջարկը ներառում է նաև անվճար ավիատոմսեր՝ դեպի իրենց երկրներ, գրում է Reuters-ը:


«Անօրինական ներգաղթյալները պետք է օգտվեն այս առաջարկից և կամավոր լքեն երկիրը, քանի որ եթե նրանք դա չանեն, մենք կգտնենք նրանց, կձերբակալենք, և նրանք այլևս երբեք չեն կարողանա վերադառնալ», – հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:


Մարտին Թրամփի վարչակազմը գործարկել է վերամշակված հավելված, որը կոչվում է CBP Home՝ երկրից կամավոր հեռանալու գործընթացը պարզեցնելու համար: Նախկինում հավելվածը կոչվում էր CBP One և օգտագործվում էր Բայդենի վարչակազմի կողմից՝ միգրանտների օրինական մուտքը ԱՄՆ կազմակերպելու համար:


Ըստ DHS-ի տվյալների՝ մայիսին օրինական կարգավիճակ չունեցող մեկ անձի ձերբակալման, կալանքի տակ պահելու և արտաքսման միջին արժեքը կազմել է մոտ 17,000 դոլար:


Ստանձնելով նախագահի պաշտոնը՝ ռեկորդային թվով արտաքսումների խոստումով, Թրամփն ուժեղացրել է պայքարն անօրինական միգրացիայի դեմ՝ չնայած քննադատություններին: Թեև նա խոստացել էր տարեկան 1 միլիոն միգրանտ արտաքսել, նրա վարչակազմին մինչ օրս հաջողվել է արտաքսել մոտ 622 հազար մարդու:


Վարչակազմը պատրաստվում է միգրացիայի դեմ պայքարի ավելի ագրեսիվ միջոցների: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ նախատեսվում է վարձել հազարավոր նոր միգրացիոն գործակալներ, բացել պահման նոր կենտրոններ և համագործակցել մասնավոր ընկերությունների հետ՝ օրինական կարգավիճակ չունեցող անձանց հետևելու համար:

Leave a Comment