«Որոշ մասնագիտություններ էլ պետք չեն գա», «Շատ վատ կլինի». հարցում արհեստական բանականության մասին

Արհեստական բանականությունը լայն թափով մտել է հասարակություն՝ դառնալով մարդու կյանքի մասնիկ։ Մարդիկ սովորում են իրենց առօրյա հարցերով դիմել մատչելի գործիքներին ու ստանալ իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ։

Time ամսագիրը 2025 թվականին տարվա մարդ է ճանաչել արհեստական բանականության ոլորտի ստեղծողներին և զարգացնողներին՝ ընդգծելով, որ նրանք փոխում են մարդկության ապագան, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների մշակման հետևում են, որոնք զգալի ազդեցություն են ունեցել հասարակության և տնտեսության վրա։

Թվում է՝ ԱԲ-ն Google-ի ու տեղեկատվության մյուս աղբյուրների զարգացած տեսակն է, սակայն ի տարբերություն դրանց՝ բանականությունը ունի կարծիք ու գեներացնում է սեփական պատկերացումները։

Ոմանք անհանգստանում են, որ ԱԲ-ն կարող է փոխարինել մարդկանց աշխատանքը, որը կբերի գործազրկության։ Նաև ահազանգում են ԱԲ հրահանգով մարդկանց ինքնասպանության դեպքերի համար։ Համաձայն վերջին ուսումնասիրության՝ մինչև 2030 թվականը արհեստական բանականությունը կարող է տարեկան 1300 մահվան պատճառ դառնալ։ Միայն ԱՄՆ-ում այն հանգեցրել է 20 միլիարդ դոլարի առողջապահական ծախսերի:

Վերջին ամիսներին միջազգային մամուլը հայտնել է նաև աշխարհում առաջին փաստագրված ամուսնության մասին, որտեղ կինը պաշտոնապես ամուսնացել է արհեստական բանականության հետ:

Armenia Today-ը հարցում է կատարել երևանցիների շրջանում, որպեսզի պարզի, թե որքանով ԱԲ-ն կարող է փոխարինել մարդուն, ազդել կյանքի տարբեր ոլորտների, արվեստի ու քաղաքականության վրա։

Հարցվածներից ոմանք ասել են, որ որոշակի մասնագիտությունների արդիականությունը արհեստական բանականության միջոցով կկորչի։

«Ամեն դեպքում արհեստական բանականությունն իր դերը կունենա բոլորիս կյանքում։ Շուտով շատ մասնագիտությունների կարիքն էլ չի լինի։ Մի կողմից՝ լավ կլինի, մյուս կողմից՝ իր վատ դերը կունենա։ Ընտրությունների վրա չի ազդի», – ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշի խոսքով՝ և՛ քաղաքական, և՛ մարդկության զարգացման մեջ արհեստական ինտելեկտն ազդեցություն կունենա։

«Ինքն իր մեջ վտանգներ է պարունակում, բայց եթե ազդեցությունը ճիշտ ուղղորդվի, ճիշտ ուղղությամբ կգնա։ Քաղաքական ուղղությունների վրա էլ մեծ ազդեցություն կունենա։ Կարող է նոր քաղաքական մտածողություն ձևավորել»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Որոշ անցորդներ էլ կարծում են, որ արհեստական բանականության շնորհիվ ամեն ինչ դեպի վատն է գնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment