ԱՄՀ–ն գործարկում է նոր ծրագիր Հայաստանի հետ․ բարեփոխումներ, ֆինանսական կայունություն, ռիսկեր և աճի ներուժ․ Առկա

ԱՄՀ–ն գործարկում է նոր ծրագիր Հայաստանի հետ․ բարեփոխումներ, ֆինանսական կայունություն, ռիսկեր և աճի ներուժ․ Առկա

ԱՄՀ-ն Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագիր է մեկնարկում 2025–2028 թվականների համար, որը կդառնա երկրի տնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշը առաջիկա տարիներին։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատն անդրադարձել է նոր ծրագրի առաջնահերթություններին, մակրոտնտեսական կայունության ապահովման գործում դրա դերին, բյուջետային տարածքի ընդլայնմանը, ֆինանսական համակարգի ամրապնդմանը և կառուցվածքային բարեփոխումների առաջմղմանը, ինչպես նաև հայկական տնտեսության աճի ներուժին և դիմակայունությանը, երկրի համար առկա ռիսկերին ու հնարավորություններին։

«ԱՌԿԱ»․ ԱՄՀ-ն իր վերջին զեկույցում վերանայել է աճի հեռանկարը. Ձեր կարծիքով՝ որո՞նք են վերանայման հիմքում ընկած հիմնական գործոնները։ Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, պոտենցիալ աճի ավելի երկարաժամկետ հեռանկարը:

-Ու․ Ռավատ․ մենք աճի դրական հեռանկար ենք տեսնում։ Իշխանությունների ճկուն քաղաքականությունների և աշխատուժի ու կապիտալի ներհոսքերի շնորհիվ՝ անցած երեք տարիներին իրական ՀՆԱ-ի միջին տարեկան աճը գրեթե 9 տոկոս է կազմել, չնայած համաշխարհային անորոշ միջավայրի պայմաններում մի շարք ցնցումներին։ Այս տարի աճը նվազում է դեպի ավելի կայուն մակարդակ, ընդ որում ԱՄՀ-ի վերջին զեկույցի կանխատեսմամբ՝ 2025 թ.-ին աճը կկազմի 5 տոկոս։ Նայելով ապագային՝ թե՛ 2026 թ․, թե՛ 2027 թ.-ին կանխատեսում ենք փոքր-ինչ ավելի բարձր՝ մոտ 5½ տոկոս աճ, արտացոլելով ոսկու նոր խոշոր հանքում արտադրության տեմպի արագացումը։

Երկարաժամկետ հեռանկարում կարծում ենք, որ Հայաստանի աճի ներուժը տարեկան մոտավորապես 5 տոկոս է։ Այն որոշ չափով բարձր է մեր նախկին վերլուծությունների համեմատ՝ արտացոլելով ավելի բարձր աճին նպաստող կառուցվածքային զարգացումները, ինչպիսիք են, օրինակ՝ ԱՄՀ հաջորդական ծրագրերի օժանդակությամբ տնտեսական բարեփոխումների իրականացումը, Ռուսաստանից բարձր որակավորմամբ աշխատողների մեծ համայնքի ներգաղթը, տնտեսության մեջ մեծ թվով փախստականների ինտեգրումը և խաղաղության օրակարգի ուղղությամբ քայլերի իրականացումը։ 

-«ԱՌԿԱ»․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են հեռանկարի վրա ազդող հիմնական ռիսկերը, Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ կան, հատկապես՝ ավելի դրական աշխարհաքաղաքական միջավայրում։

-Ու․ Ռավատ․ իհարկե ցանկացած հեռանկար ռիսկերի և անորոշության է ենթակա։ Բացասաբար ազդելու առումով՝ համաշխարհային առևտրի և ներդրումների նվազման ռիսկ ենք տեսնում, որը հանգեցնում է հիմնական առևտրային գործընկերների մոտ ավելի դանդաղ աճի, ինչը կպակասեցնի Հայաստանից արտահանման նկատմամբ պահանջարկը։ Բացի այդ, տարածաշրջանում լարվածության վերսկսումը և աշխարհաքաղաքական տեղաշարժերը կարող են հանգեցնել փոխարժեքի անկայունության՝ հնարավոր բացասական ազդեցություն ունենալով սպառման, առևտրի և բնակարանային շուկայի վրա։

Դրական ազդեցության առումով՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի արագ իրականացումը և հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների կարգավորումը կարող են տարածաշրջանում համագործակցությունը բարելավել։ Հայաստանի հարավում տարանցիկ երկաթուղու և ճանապարհային հաղորդակցությունների կառուցման, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ մեկտեղ, այս նախագծերը կարող են օժանդակել Հայաստանի ավելի բարձր տնտեսական աճին՝ լոգիստիկ փոխադրման ծախսերի նվազեցման և առևտրի ծավալների մեծացման միջոցով։ Բիզնես միջավայրի և աշխատաշուկայի բարելավման բարեփոխումների նախատեսվածից արագ իրականացումը կարող է աճը խթանել, հատկապես՝ միջնաժամկետ հեռանկարում։

Ամբողջությամբ՝ arka.am

Leave a Comment