Ինչ վիճակում է Ադրբեջանում հոսպիտալացված Վագիֆ Խաչատրյանը. նոր մանրամասներ

Քաղաքականություն

23.12.2025 | 19:11

Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ պահվող հայ գերի Վագիֆ Խաչատրյանի վիճակի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «Ենի» կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Էմիլ Գասիմովն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ 70-ամյա Խաչատրյանը շտապ հոսպիտալացվել է կլինիկայի վերակենդանացման բաժանմունք դեկտեմբերի 23-ի գիշերը ծանր վիճակում՝ աորտայի ծանր ստենոզի, միտրալ փականի միջին աստիճանի ստենոզի և դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարություն ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացման։

Գասիմովը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժման միջոցառումները, այդ թվում՝ դեղորայքային բուժումը, հեղուկի հավասարակշռության կառավարումը և ոչ ինվազիվ օդափոխությունը, դրական արդյունքներ են տվել։

«Հիվանդը ներկայում դուրս է եկել կյանքին սպառնացող կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ինտենսիվ հսկողության ներքո»,- նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նա հոսպիտալացվել է և գտնվում է ծանր վիճակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment