Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․
Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։
Վարակի հիմնական աղբյուրներն են շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները։
Վարակումը հնարավոր է հիվանդ կենդանու՝
․ կծելու.
․ ճանկռելու.
․ վնասված մաշկը թքոտելու միջոցով։
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։
Խորհուրդներ
․ Կենդանուց տուժելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ վերքը օճառով և հոսող ջրով։
․ Անհրաժեշտ է ընտանի կենդանիներին պատվաստել կատաղության դեմ։
Զերծ մնալ թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Կարևոր է իմանալ
․ Կատաղությունը առանձնահատուկ բուժում չունի։
․ Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում։
․ Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար։
Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, անվճար հիմունքներով։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին կարող եք դիմել հետևյալ բժշկական կենտրոններ․
Երեխաների համար
․ «Արաբկիր» բժշկական համալիր
․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
․ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն
․ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Մեծահասակների համար
․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
․ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
․ «Էրեբունի» բժշկական կենտրոն
․ «Աստղիկ» բժշկական կենտրոն
․ «Շենգավիթ» բժշկական կենտրոն