«Տաշիր կապիտալը» չի պատրաստվում ՀԷՑ–ի հետ կապված բանակցություններ վարել ՀՀ իշխանությունների հետ։ Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«ՀԷՑ–ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը, ՀՀ ղեկավարի ցանկությամբ, չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը, երևի թե առաջին անգամ` միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ վերցրած իր պարտավորությունները չի կատարում»,– ընդգծել է նա։
Կարապետյանի խոսքով` հետևանքները չեն ուշանա, և դրանք Հայաստանի Հանրապետությունը ժամանակի ընթացքում ստիպված է լինելու կրել։
«Միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելու հետևանքները կարող են խնդրահարույց լինել»,– հիշեցրել է Կարապետյանը։