23 դեկտեմբերի 2025 – 18:13 AMT
PanARMENIAN.Net – Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում քննարկվել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որի շրջանակում ասֆալտապատման ընթացիկ աշխատանքների համար կտրամադրվի 2 մլրդ 615 մլն դրամ։ Բացի այդ, Իսակով-Արշակունյաց պողոտայի կառուցման համար նախատեսվել է ուղղել ավելի քան 7 մլրդ 521 մլն դրամ։
Նախագծով փողոցների միջին նորոգման նպատակով կտրամադրվի 1 մլրդ 677 մլն դրամ։ Սարալանջ-Ավետիսյան-Փափազյան փողոցների հատման խաչմերուկի հիմնանորոգման համար հատկացումը կկազմի մոտ 337 մլն դրամ, հայտնում է Արմենպրեսը։
Մայրաքաղաքի ճանապարհային բարելավման շրջանակում շարունակվելու են Նուբարաշենի վերջնամասում փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Կիևյան և Լամբադա կամուրջների հիմնանորոգման համար կտրամադրվի 965 մլն դրամ։
Մայրուղիների, թեքահարթակների և եզրաքարերի կառուցման, վերակառուցման ու վերականգնման համար բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 125 մլն դրամ։ Այդ ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել նաև Ամիրյան փողոցի մայթերը։