Դեկտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում «KamAZ» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Կողաշրջման հետևանքով սկսվել է գազի արտահոսք: «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի աշխատակիցները գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են, ձեռնարկել գործողություններ՝ վթարված խողովակը վերանորոգելու, հենասյուները տեղադրելու, իսկ դրանից հետո գազամատակարարումը վերականգնելու համար։