23 դեկտեմբերի 2025 – 16:20 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի տարածքով ՌԴ–ից ցորենի նոր խմբաքանակ կներկրվի Հայաստան։
Հացահատիկով բեռնված գնացքը շարժվել է ՌԴ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից, գրում է Oblvesti.ru-ն։
Շարժակազմը բաղկացած է 8 վագոնից։
Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով ուղարկել 30 վագոն, ընդհանուր ավելի քան 2000 տոննա հացահատիկով։
Ներմուծված ցորենի անվտանգության հարցով շարունակվող քննարկումների ֆոնին ՍԱՏՄ-ն ներկայացրել է փորձաքննության մանրամասները՝ նշելով, որ տեսչական մարմինը հստակ կատարել է իր գործառույթները՝ իրականացնելով նմուշառում թե ՌԴ–ից, թե Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակներից:
«Քանի որ որոշ շրջանակների կողմից սոցիալական հարթակներում շարունակվում են Ղազախստանից ներկրված ցորենի թեման «տաք» պահելու փորձերը, ևս մեկ անգամ անդրադառնում ենք դրանցից մեկին՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառմանը, հստակեցնելով՝
Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում երեք ուղղություններով՝
1․ բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների,
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների,
3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:
Փորձարկումների արդյունքները հետևյալն են՝
բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել
որակի ցուցանիշների փորձարկումների շրջանակում՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների, Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանել է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։ Սա է իրականությունը:
Լրագրողը ո՞ր միջազգային բացահայտման համաձայն է պնդում, թե «ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում», ի՞նչ հաստատված հիմնավորումներ կան այդ մասին, անհայտ է:
Իսկ թե ինչ է «ալֆա» տոքսինը, հատկապես՝ քիմիական ծագման, որով փորձ է արվում «ահաբեկել» հանրությանը, միայն գրողը կիմանա:
Ի վերջո, հրապարակել ալյուրի տուփերի նկարներ, որոնց մակնշման մեջ հստակ գրված է՝ «արտադրված է բարձրակարգ ցորենից», հետո պնդել, որ դրա հումքը Ղազախստանից նոյեմբերին բերված ցորենն է ու չհրապարակել տուփի վրա գրվող արտադրության ժամկետը, պարզ-մանիպուլատիվ-դատապարտելի գործելաոճ է»,–ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ–ն նաև հրապարակել է լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունները։
Նոյեմբերին 35 տարվա դադարից հետո առաջին անգամ Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն է ներկրվել ՀՀ։ Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան։