23 դեկտեմբերի 2025 – 16:39 AMT
PanARMENIAN.Net – Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը, անդրադառնալով ադրբեջանական լրատամիջոցներով շրջանառվող ֆիլմին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, պարզաբանել է, որ հարցազրույց տալու առաջարկով Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։
«Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։
Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։
Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։
Սամվել Բաբայանը նաև գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ կրկնելով հայտարարության վերջին պարբերությունը։
Բաբայանից բացի ֆիլմում Վարդանյանի մասին կարծիք է հայտնել ևս 3 հայազգի գործիչ, որոնցից միայն մեկն է դրական արտահայտվել Բաքվի բանտում պահվող Վարդանյանի մասին։