ՌԴ–ում Կասպարովին հեռակա կալանավորել են` «ահաբեկչությունն արդարացնելու» մեղադրանքով

ՌԴ–ում Կասպարովին հեռակա կալանավորել են` «ահաբեկչությունն արդարացնելու» մեղադրանքով

23 դեկտեմբերի 2025 – 17:06 AMT

PanARMENIAN.Net – Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով կալանավորել Գարրի Կասպարովին, որը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ և ներառվել է ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում։ Այդ մասին հայտնել են դատարանից, գրում է ՏԱՍՍ–ը։

«Դատարանը Կասպարովի համար որպես խափանման միջոց ընտրել է հեռակա ձևով 2 ամսով կալանավորումը՝ ՌԴ տարածքում ձերբակալվելու կամ Ռուսաստանի տարածք արտահանձնվելու պահից սկսած», – ասել են դատարանից։

Կասպարովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար տեղեկատվական ցանցերի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով։ Ըստ գործող օրենսդրության՝ այս հոդվածով նախատեսվում է հինգից յոթ տարվա ազատազրկում՝ միաժամանակ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու արգելքով՝ մինչև հինգ տարով։

ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին օտարերկրյա գործակալների ցուցակում ընդգրկել է 2022 թվականի մայիսին։ Նա ներկայումս բնակվում է երկրի սահմաններից դուրս։

Leave a Comment