Ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրանյութեր տեղափոխող հերթական նավին, ինչի հետևանքով անձնակազմի անդամներից մեկը զոհվել է։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։
«Դեկտեմբերի 22-ին, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հանձնարարությամբ, Southern Spear միացյալ օպերատիվ խումբը մահացու կինետիկ հարված է հասցրել մի աննկատ նավի, որը միջազգային ջրերում շահագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից», – ասված է ԱՄՆ Հարավային հրամանատարության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նավի վրա մեկ մարդ է զոհվել: ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չկան:
Ամերիկյան լրատվամիջոցների հաշվարկներով՝ առնվազն 105 մարդ է զոհվել «Southern Spear» գործողության շրջանակում թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերին հասցված հարվածների հետևանքով: Գործողության նպատակն է թմրամիջոցների շրջանառության կրճատումը:
ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ ճնշման արշավ է իրականացնում Վենեսուելայի դեմ, որը ներառում է հազարավոր զինծառայողների և ավիակիր հարվածային խմբի տեղափոխում Կարիբյան ծով, հարվածներ թմրանյութերի ենթադրյալ փոխադրողներին և բազմաթիվ սպառնալիքներ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հասցեին: