23 դեկտեմբերի 2025 – 14:10 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների փաթեթի հաստատման ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ընդդիմադիր ավագանու անդամների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ։ Քննարկման ժամանակ քաղաքապետը դիմել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին՝ հորդորելով զերծ մնալ վիրավորական ձևակերպումներից։
«Պարոն Հակոբյան, դուք ձեր բակում կամ քուչում չեք, խնդրում եմ՝ մի քիչ չափավոր եղեք։ Ձեր արտահայտություններում ևս ձեր փողոցային լեքսիկոնից մի փոքր զուսպ օգտագործեք»,– ասել է Ավինյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Սամվել Հակոբյանը իր հերթին հայտարարել է, թե ավագանու այն անդամները, ովքեր օգտագործել են հայհոյախառն խոսույթ՝ քվե ստանալու նպատակով, այժմ բացահայտ աջակցում են իշխող ուժին՝ ասելով, որ նրանք «պառկել են Նիկոլի տակ»։
Ավինյանը, դիմելով ավագանու անդամներին, ասել է․ «Շատ եք լոճվում Երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այ էս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Դուք ոնց որ մեկ-մեկ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Բոլորիդ զգուշացնում եմ, այ էդ ռեպլիկներ անողներիդ, «ապերավատ» ըլնողներին, էն ովքեր որ մտածում են, թե իրականում իրանց քուչում են, շատ եք լոճվում, ոնց որ խառնում եք։ Չափերդ ճանաչեք։ Սա ձեզ վերիջին նախազգուշացումն է»,–հայտնում է Aysor.am-ը։
Տեղական տուրքերի ու վճարների հարցերն ավագանու օրակարգում ընդգրկվել են որպես չզեկուցվող, ինչը նույնպես առաջացրել է ընդդիմության քննադատությունը։