Նիստին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև հանձնաժողովի անդամները՝ նախարարությունների, ֆինանսական համակարգի և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունները աճել են, ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025-ին կազմում է 56.5 տոկոս, սակայն ֆինանսական գրագիտության տեսանկյունից դեռևս շատ խնդիրներ կան՝ սկսած մարդկանց պարտքային վարքագծից մինչև զեղծարարությունների նկատմամբ գերվստահություն:
ՀՀ կենտրոնական բանկը շահառու գործընկերների հետ համատեղ իրականացնում է կառավարության կողմից հաստատված ֆինանսական կրթման ծրագիրը: Ծրագիրը միտված է օգնելու երկրի բնակչությանը՝ ձեռք բերել ֆինանսական գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու և անձնական բարեկեցության հասնելու համար:
Ծրագիրն իրականացվում է 4 փուլով: Առ այսօր իրականացվել է երկու փուլ՝ 2014-2019թթ և 2021-2025թթ։ Փուլերից յուրաքանչյուրի մեկնարկում ԿԲ-ն իրականացնում է Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման (ՖԿԳ) հետազոտություն, որի արդյունքների հիման վրա մշակվում է տվյալ փուլի գործողությունների պլանը։ Ֆինանսական կարողությունների ծրագրի 3-րդ փուլի գործողությունների պլանը (մինչև 2031թ) մշակելու և իրականացնելու համար ԿԲ-ն նախաձեռնել է ՀՀ բնակչության ՖԿԳ 3-րդ ազգային հետազոտություն (Բարոմետր 2025)
«Մենք այսօր արդեն կարող ենք փաստել՝ ֆինանսական կարողությունները Հայաստանում աճել են: Սահմանված ազգային թիրախները ոչ միայն հասանելի են դարձել, այլ նաև մենք գերազանցել ենք այդ թիրախները: Ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025-ին հասել է 56.5 տոկոսի, ինչը բարձր է ինչպես 2025 թվականի համար սահմանված 50 տոկոս թիրախից, այնպես էլ 2031թ երկարաժամկետ նպատակային ցուցանիշից, որը 55 տոկոս է»,-ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Վերջին 5 տարում կրթման ծրագրի 2-րդ փուլի արդյունքներում ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9.7 տոկոսային կետով: ԿԲ նախագահն ընդգծեել է, որ դրական դինամիկայի կողքին կան նաև ոլորտներ, որտեղ դեռևս մեծ անելիք կա:
«Առաջին հերթին դա վերաբերում է պարտքային վարքագծին կամ գերպարտքային ռիսկերին: Հարցվողների շուրջ 56 տոկոսը պարտք է ունեցել, իսկ վարկ ունեցողների շրջանում ժամկետանց պարտավորություն ունեցողների մասնաբաժինը կազմել է 19 տոկոս: Պարտք վերցնելու մասին մարդիկ մտածում են ճիշտ, բայց իրական որոշումները երբեմն հակասում են: Մյուս ուղղությունը զեղծարարությունների նկատմամբ հարցվողների առկա գերվստահությունն է, երբ մարդիկ վստահում են իրենց ֆինանսական որոշումների մեջ, բայց ոչ միշտ են ունենում բավարար խորքային գիտելիքներ»,-ասել է ԿԲ նախագահը։
Հարցումների արդյունքում մարդկանց 93 տոկոսը նշել է, որ մերժում է կասկածելի ֆինանսական առաջարկները, 89 տոկոսն էլ չի կիսում PIN-ն այլ անձանց հետ: Մինչդեռ հարցումները ցույց են տվել նաև հետևյալ պատկերը, որ մարդկանց ընդամենը 55 տոկոսը կարող է նշել թեկուզ մեկ ֆինանսական խարդախության տեսակ: Իսկ մատակարարների լիցենզիան ստուգում է հարցվողների՝ ընդամենը 13 տոկոսը: