Գրենլանդիան մեզ պետք է ոչ թե հանածոների, այլ ազգային անվտանգության ապահովման համար. Թրամփ

«Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է «ազգային անվտանգության», այլ ոչ թե իր ռեսուրսների վերահսկողության համար»։

Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում լրագրողների հետ զրույցում։

Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ հենց այդ պատճառով է ԱՄՆ-ն նշանակել հատուկ ներկայացուցիչ այս հարցի համար։

Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ այս նշանակումը հստակ ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որը ԱՄՆ-ն տալիս է կղզուն։

«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ոչ թե իր հանքային հարստության, այլ անվտանգության համար։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Եթե նայեք Գրենլանդիային, ուշադիր ուսումնասիրեք նրա ափամերձ գիծը ծայրից ծայր, ամենուրեք կտեսնեք ռուսական և չինական նավեր։ Մեզ այն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Մենք պետք է տիրապետենք դրան. Գրենլանդիան չափազանց կարևոր է»,- վստահեցրել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը շեշտել է, որ Լենդրին ականավոր դեմք է, որը կարող է բանակցել չափազանց շահավետ գործարքների շուրջ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ինքը լիակատար վստահություն ունի Գրենլանդիային վերաբերող հարցերում։

Leave a Comment