23 դեկտեմբերի 2025 – 10:52 AMT
PanARMENIAN.Net – Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և խոսել առաջիկա ծրագրերի մասին։
«Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես»,–ասել է նա։
ՌԴ նախագահը խոսել է նաև Ռուսաստանի և Հայաստանի համատեղ ծրագրերի մասին լոգիստիկայի ոլորտում՝ ներառյալ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։
«Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք»,–ասել է Պուտինը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։