23 դեկտեմբերի 2025 – 10:35 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականից «Turkish Airlines»-ը պատրաստվում է սկսել կանոնավոր չվերթներ Ստամբուլից դեպի Երևան։
«Turkish Airlines» ավիաընկերությունը 2026 թվականից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան: Այդ մասին հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
«Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11–ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթերը Ստամբուլ–Երևան-Ստամբուլ երթուղով»,–գրել է Քըլըչը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ազգային ավիափոխադրողը ծրագրում է թռիչքներ դեպի Երևանի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացրել էին ընկերության ներկայացուցիչները։ Դրանից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հաստատել էր այդ լուրը՝ նշելով, որ հստակ մեկնարկի ժամկետներ դեռևս հայտնի չեն եղել։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ 1993 թվականից Անկարան փակել է սահմանը։
Երևանը և Անկարան 2021 թվականի դեկտեմբերին ազդարարել են, որ պատրաստ են գործնական քայլերով առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման ճանապարհով։ Դրա շրջանակում երկու կողմերն էլ հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ Անկարան՝ Վաշինգտոնում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում կողմերը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ չեն իրագործվել։
2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ի հանդիպման արդյունքում սահմանահատումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, և հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այդ գործընթացը։