23 դեկտեմբերի 2025 – 10:42 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան ղեկավարին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։
«Մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցության համար»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ փաշինայնը նաև ասել է․«Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։
Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,–ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։