22 դեկտեմբերի 2025 – 18:47 AMT
PanARMENIAN.Net – Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է «Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ ներկայացված պաշտպանական բողոքի քննության ավարտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Որոշումը կկայացվի դեկտեմբերի 30-ին։
Ավելի վաղ փաստաբանը գրել էր, որ վերջին շրջանում «խոսքի կամ արտահայտման դրսևորումը փորձ է արվում քրեականացնել «խուլիգանության» միջոցով»։
Փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Նոյեմբերի 12-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները վաղ առավոտյան մուտք են գործել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններ, կատարել քննչական գործողություններ՝ թույլ չտալով դրանց ընթացքում փաստաբանների մուտքը։ Ապա ձեռքերը ոլորած նրանց տարել են, ձերբակալել, կալանավորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։