«ԴԻ ԷՍ ԷՅ» խորհրդատվական խումբ ընկերության գլխավոր տնօրեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը գրում է. «ՀԵՆԱՍՅՈՒՆ 2․ Տրանսպորտային հանգույցները պարզապես ճանապարհներ չեն, դրանք պետության ինքնիշխանության ազդարարներն են
Հայաստանը գտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների խաչմերուկում, բայց իրականում ապրում է տրանսպորտային մեկուսացման պայմաններում։ Մեր արտաքին առևտրի ավելի քան 80%-ը կախված է մեկ հիմնական ուղուց։ Սա տնտեսական անհարմարություն չէ միայն, այլ՝ անվտանգային և քաղաքական խոցելիություն։
Հարցը պարզ է․ կլինի՞ Հայաստանը արտաքին նախագծերի միջով անցնող տարածք, թե՞ կունենա սեփական, վերահսկելի և բազմուղի հաղորդակցական համակարգ։
«Միասնության Թևեր»-ի մոտեցումը հիմնված է ոչ թե մեկ ճանապարհի, այլ մի ամբողջական համակարգի վրա։
«Հյուսիս–Հարավ»՝ առանցքային ողնաշար
«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին Հայաստանի հաղորդակցական ողնաշարն է։ Այն միացնում է Իրանին, Վրաստանին և Սև ծովին քաղաքականորեն հավասարակշռված, տնտեսական առումով մրցունակ և անվտանգային տեսանկյունից վերահսկելի ուղիով։
Սա պարզապես ճանապարհ չէ, սա լոգիստիկ հանգույցներ են, վերամշակող և արդյունաբերական գոտիներ, ինչպես նաև զարգացման նոր կենտրոններ՝ Սյունիքում, Արարատյան դաշտում, Լոռիում, Շիրակում։
Այս նախագծի ուշացումը նշանակում է մնալ կախված մեկ երթուղուց և դուրս մնալ տարածաշրջանային իրական հոսքերից։
Երկաթուղին՝ ռազմավարական ռեզերվ, ոչ թե մոռացված նախագիծ
«Հյուսիս–Հարավ» երկաթգիծը թանկ է և բարդ։ Այո։ Բայց ռազմավարական ենթակառուցվածքները միշտ էլ այդպիսին են։ Այսօր, երբ տարածաշրջանում փոխվում են բեռնահոսքերի ուղղությունները և ձևավորվում են նոր տնտեսական առանցքներ, երկաթուղին այլևս տեսական գաղափար չէ, այլ երկարաժամկետ ռազմավարական ռեզերվ, որը պետք է պահպանել, զարգացնել և ճիշտ պահին գործարկել։
«Արևելք–Արևմուտք»՝ առանց միջանցքային կախվածության
Հայաստանի հաղորդակցական ապագան չի կարող կառուցվել արտատարածքային, միջանցքային և ինքնիշխանությունը սահմանափակող տրամաբանությամբ։
«Արևելք–Արևմուտք» հայեցակարգը ենթադրում է կապեր, որոնք
ամբողջությամբ գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո,
կապում են Սև և Կասպից ծովերը, Պարսից ծոցն ու Միջերկրականը,
աշխատում են Հայաստանի ներսում ստեղծվող արժեքի համար։
Երբ այս ուղղությունները դիտվում են միասին, ձևավորվում է բազմուղի, ինքնիշխան և վերահսկելի հաղորդակցական ցանց։ Հայաստանը դառնում է ոչ թե անցնող ճանապարհ, այլ կապ ստեղծող պետություն։
«Միասնության Թևեր»-ի տնտեսական քաղաքականության երկրորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է․ տրանսպորտը պետք է ծառայի ոչ թե ուրիշների նախագծերին, այլ Հայաստանի տնտեսությանը, անվտանգությանը և զարգացմանը»