Սիրիայի Հալեպ քաղաքի պետական հաստատությունները, դպրոցներն ու համալսարանները դեկտեմբերի 23-ին կդադարեցնեն գործունեությունը, հայտնել է Syria TV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի նահանգապետի կարգադրությունն արվել է քուրդ զինյալների և Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի միջև բախումների ֆոնին։
Նշվում է, որ Հալեպ նահանգի ներքին անվտանգության ղեկավար Մուհամմադ Աբդուլ Ղանին հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում քաղաքի այն տարածքներում, որոնք գտնվում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հարձակման տակ, քաղաքացիական բնակչությանը տարհանելու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։
Դեկտեմբերի 22-ին Syrian Observatory For Human Rights դիտորդական կենտրոնը հայտնել էր, որ Հալեպի Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե թաղամասերում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կից ուժերի և քրդական «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի ընթացքում վիրավորների թիվը հասել է 16-ի: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։
