
Իրանի կողմից Իսրայելի դեմ ցանկացած գործողություն կարժանանա շատ ուժեղ պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Երուսաղեմում եռակողմ հանդիպումից հետո։
«Մենք տեղյակ ենք, որ Իրանը վերջերս զորավարժություններ է անցկացնում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան և անցկացնում անհրաժեշտ գնահատականը։ Ես ուզում եմ Իրանի համար հստակեցնել, որ Իսրայելի դեմ ցանկացած գործողություն կարժանանա շատ ուժեղ պատասխանի», – ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նշել է, որ Իսրայելը «մեծ հաջողությունների է հասել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ» 2025 թվականի հունիսին։ «Մեր (Իսրայելի – խմբ.) հիմնարար սպասումները Իրանից չեն փոխվել, և դրանք վերաբերում են ուրանի հարստացմանը և մեր դեմ միջնորդական պատերազմների դադարեցմանը։ Եվ ես գիտեմ, որ ամերիկյան դիրքորոշումը նույնպես չի փոխվել», – հավելել է նա։