
Ադրբեջանն ու Թուրքիան հաստատել են 110 կետից բաղկացած տնտեսական համագործակցության ծրագիր։
Որոշումը կայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստից հետո, որն այսօր տեղի է ունեցել Բաքվում՝ վարչապետ Ալի Ասադովի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի նախագահությամբ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցություն, ներդրումներ, էներգետիկա, տրանսպորտ, Միջին միջանցքի զարգացում, համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, ինչպես նաև մարդասիրական և կրթական կապեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ նախաձեռնություններին, այդ թվում՝ Հարավային գազային միջանցքի հզորությունների ընդլայնմանը, ադրբեջանական գազի մատակարարմանը Եվրոպա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Իգդիր-Նախիջևան գազատարի նախագծին։ Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռազմավարական նշանակությունը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարները։
Հանդիպումից հետո Ալի Ասադովը և Ջևդեթ Յըլմազը ստորագրել են հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը և հաստատել երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները ներառող 110 կետից բաղկացած գործողությունների ծրագիր։