Պուտին․ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են, կան լավ ծրագրեր

Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանում են, և երկու երկրները ունեն լավ ծրագրեր առաջիկայի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի, ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի շրջանակում անցկացված միջոցառումներին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ նախորդ և ընթացիկ օրերի աշխատանքի արդյունքների շուրջ արդեն փոխանակվել են գնահատականներ, և ընդհանուր առմամբ աշխատանքը անցել է բարձր մակարդակով։

«Իմ կարծիքով՝ ամեն ինչ անցել է շատ լավ մակարդակով։ Հուսով եմ՝ նաև ընդհանուր մթնոլորտը դրական էր»,-նշել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ամենակարևորը այն է, որ երկու կողմերի թիմերը արդյունավետ են աշխատել․ պատրաստվել են որակյալ փաստաթղթեր, որոնք արդեն ստորագրվել են, և գործընթացները առաջ են շարժվում։

ՌԴ նախագահը հավելել է, որ կողմերն ունեն նաև լավ ծրագրեր՝ հատկապես էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ուղղությամբ։

Պուտինը հիշեցրել է նաև, որ նախորդ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը բարձրացրել էր լոգիստիկ համագործակցության հնարավոր ուղղությունների հարցը։ Խոսքը վերաբերում էր հին երթուղիների վերականգնմանը, նոր երթուղիների ստեղծմանը և այն նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել Հայաստանի սահմանների բացմանը և տարածաշրջանային կապերի ընդլայնմանը։

Leave a Comment