Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները․ ԶԼՄ

Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական մամուլին։

Նշվում է, որ Ալիջանի սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։

Կայքը հիշեցրել է, որ Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար՝ Մարգարայի կամրջով, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։

Նշվում է, որ «ծրագրի շրջանակում նախատեսվում է Ալիջանի ճանապարհի լրացուցիչ շինարարություն՝ այն միացնելով Քարաքոյունլու շրջանի խաչմերուկին և «Զանգեզուրի ճանապարհին», ինչը հնարավորություն կտա բարելավել կապը Իգդիրի ուղղությամբ և բարձրացնել տարածաշրջանային առևտրի ու լոգիստիկ հնարավորությունները»։

2022-ից Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել։ 2024-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:

Leave a Comment