Լույս է տեսել «Կաղանդի տոպրակներ» բացառիկ ժողովածուն։ Ամանորի և Կաղանդի խորհրդաբանությունը պոլսահայ մեծանուն բանաստեղծ Զահրատի արվեստում բացահայտվում է նորովի։ Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, գրող Գոհար Գալստյանը, ում մտահղացմամբ էլ կյանքի է կոչվել այս նախագիծը։
Ժողովածույում տեղ են գտել Զահրատի՝ նախկինում տպագրված գրքերից, ինչպես նաև՝ «Մարմարա» օրաթերթի թվային արխիվից հավաքված ավելի քան հինգ տասնյակ ստեղծագործություններ, որոնք նվիրված են Կաղանդին։ Այս գիրքը յուրօրինակ հրավեր է՝ մուտք գործելու զահրատյան բանաստեղծական աշխարհ, որտեղ տոնի խորհրդաբանությունը՝ եղևնուց մինչև զարդարանքներ, ստանում է փիլիսոփայական խորություն։ Զահրատի տողերում Կաղանդ պապայի կերպարն ու տոնական մթնոլորտը դուրս են գալիս արտաքին փայլի սահմաններից՝ վերածվելով գալիք օրերի հանդեպ հավատի և հույսի դրսևորում։
Հեղինակը ինքնակերպարանափոխվում է՝ դառնալով և՛ Կաղանդ պապա, և՛ կաղանդի ծառ, այսպիսի զուգահեռներով իր ապրումն ու սերը հյուսելով տոնի առանցքի շուրջ։ Գոհար Գալստյանը նշում է․ «Զահրատի բարի ուղերձները կարծես միավորում են Կաղանդին սպասող բոլոր մարդկանց։ Նա, Կաղանդին սպասող մարդկանց բոլորի ձեռքերը բռնած՝ անցկացնում է նախաշեմը՝ լավատեսությամբ, որ հաջորդ տարին բարի է լինելու։ Այս ամենի հիմքում ընկած է խոսքի առանձնահատուկ ուժը, որը Զահրատի համար մշտապես եղել է կարևորագույն և առանցքային արժեք»։