Իրանը ի կատար է ածել Ագիլ Քեշավարզի մահապատժի դատավճիռն այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել նրա մահապատիժը՝ լրտեսության և Իսրայելի հետախուզության հետ համագործակցության մեղադրանքով, հայտնում է «Mehr» գործակալությունը:
Գործի նյութերի համաձայն՝ Քեշավարզը մեղավոր է ճանաչվել Իսրայելի համար լրտեսության, Իսրայելի հետ հետախուզական համագործակցություն պահպանելու, ինչպես նաև Իրանի տարածքում գտնվող ռազմական և անվտանգության օբյեկտների նկատմամբ հսկողություն ու տեսանկարահանում իրականացնելու համար:
Դատական փաստաթղթերը մատնանշում են, որ Քեշավարզը կապ է հաստատել իսրայելական հետախուզության և անվտանգության ծառայությունների հետ կիբերտիրույթի միջոցով:
Իսրայելի հետ իր համագործակցության ժամանակահատվածում նա առանձին կապեր է պահպանել իսրայելցի զինվորականների և «Մոսադ» հետախուզական գործակալության հետ, գրում է իրանական լրատվամիջոցը: