ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տիրադավ հոգևորականների իրականացրած և Նիկոլ Փաշինյանի կողմից պատվիրված հավաքի ժամանակ ոչ ադեկվատ վարքագծով է աչքի ընկել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը։ Վերջինս բարձրացել էր Մայր Աթոռի մուտքի սյուներին, Կաթողիկոսների գերեզմանաքարերին և տիրադավերի աջակիցներին ձեռքով Մայր Տաճար մտնելու կոչեր էր անում։ Նրան հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ էր սրտի կաթված ստացել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Վրեժ Դուրգարյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի զարմիկն է, թատրոնի փոխտնօրենը, որը, ըստ լրատվամիջոցների, պարբերաբար մասնակցում է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած «Կրթվելը նորաձև է» արշավին։
24News-ը կապ հաստատեց Կարեն Դուրգարյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք նա տեղյա՞կ է եղել և սատարե՞լ է Վրեժ Դուրգարյանի այդ վարքագծին։
Կարեն Դուրգարյանը պատասխանեց մեր զանգերին սակայն ոչ մի էական պատասխան չտվեց՝ համառորեն պնդելով, որ ինքն արդեն բազմիցս խոսել է այդ մասին և չի պատրաստվում ևս մեկ մեկնաբանություն անել իր զարմիկի վարքագծի վերաբերյալ։
«Ես արդեն հարցազրույց տվել եմ, խնդրում եմ հետևեք և այնտեղից վերցրեք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան։ Ես նույն թեմայով 4 անգամ չեմ խոսելու։ Դուք գիտե՞ք՝ ինչ է առաջնախաղը, դուք չեք հարգում իմ մասնագիտությունը, ցավոք, դրա համար ես շատ տխրում եմ։ Ձեզ լավ օր եմ մաղթում», – ասաց նա և անջատեց հեռախոսը։
Եթե Կարեն Դուրգարյանը պատասխաներ մեր հարցերին, կհասկանայինք՝ ինչու՞ իր զարմիկը չի հարգում հայ ազգի Սրբության Սրբոց Մայր Աթոռը և դրսևորել է այնպիսի պահվածք, որ հոգևորականի մոտ սրտամկանի ինֆարկտ է արձանագրվել։
Հիշեցնենք, որ 24News-ի հետ զրույցում Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նկարագրել է տեղի ունեցածը․ «Հիշում եմ՝ հարավարևմտյան սյան վերևի մասն էր, իրենք ագրեսիվ էին։ Ամենատհաճն այն է, որ իմացա, որ այդ տապանաքարին բարձրացողը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է, այսինքն պետական պաշտոնյա, ներքևում էլ իրեն ենթարկվող այդ խումբը հավանաբար թարտրոնի տնտեսական մասի աշխատողներն էին։ Սկզբում չեմ իմացել, որ նա փոխտնօրեն է, հետո նկարներով, վիդեոներով իմացա։ Ներքևում, հավանաբար իր բերած աշխատողներն էին, որովհետև ինչ ասում էր՝ անում էին։ Ես բարձրացա վերև, ասացի՝ հարգելիս, սա Կաթողիկոսի գերեզման է, էս ի՞նչ եք անում ու ասացի՝ ցած իջեք։ Ինքն ինձ չէր լսում, ձեռքով էլ նրանց ասում էր, խփեք, մտեք ներս։ Ես իր ուսից քաշեցի, իջեցրեցի։ Արդեն վատ էի, ուզում էի իջնել, հավանաբար այդ պահին կաթված էի ստացել»,-ասաց Տեր Վրթանեսը։
—00—ԼԱ