Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող «ԿԱՍԿՈ» պայմանագրերից։ Բողոքների հիմնական պատճառը պայմանագրային դրույթների ոչ լիարժեք կամ մոլորեցնող ձևակերպումներն են, ինչի հետևանքով ապահովագրված անձինք հաճախ անտեղյակ են մնում իրենց իրավունքներից և պարտավորություններից, իսկ հետագայում կանգնում փաստի առաջ։
Oragir.News-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն, անդրադառնալով խնդրին, նշում է, որ «ԿԱՍԿՈ»-ն կամավոր սկզբունքով կնքվող ապահովագրություն է, որը Հայաստանում այնքան էլ լավ չի աշխատում։
«Այդ պայմանագիրը կնքելուց առաջ ճիշտ կլինի, որ վարորդները լավ ուսումնասիրեն, թե ինչ ծախսեր է սպասվում իրենց։ «ԿԱՍԿՈ»-ն կամավոր ապահովագրություն է, բայց Հայաստանում այն հիմնականում կնքվում է ոչ թե քաղաքացիների ցանկությամբ, այլ՝ բանկերի պահանջով, երբ ավտոմեքենան ձեռք է բերվում վարկով։ Այդ պատճառով շատ վարորդներ պայմանագիրը ստորագրում են առանց այն խորությամբ ուսումնասիրելու, ինչն էլ հետագայում խնդիրների պատճառ է դառնում»,- ասում է Քեյանը՝ հավելելով, որ պայմանագրերն ունեն տարբեր կետեր ու դրույթներ, ինչից էլ քաղաքացիները հաճախ շփոթմունքի մեջ են ընկնում։
Oragir.News-ին ահազանգած վարորդները բողոքում են թե՛ ապահովագրական հատուցման չափերից, թե՛ այն հանգամանքից, որ իրենց մեղավորությունը սխալ է գնահատվում։ Փաստացի շատ դեպքերում մարդիկ համոզված են, որ վնասի չափը կամ պատասխանատվության բաշխումը չի համապատասխանում իրականությանը։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի խոսքով՝ «ԿԱՍԿՈ»-ի պայմանագրերով հատուցում չի նախատեսվում այն դեպքերում, երբ վարորդը գտնվել է ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ, վարել է առանց վարորդական իրավունքի կամ զրկված է եղել այդ իրավունքից։ Նման իրավիճակներում, անգամ եթե ապահովագրական ընկերությունը սկզբնական փուլում կատարում է հատուցում, այն կարող է հետագայում ռեգրեսի կարգով այդ գումարը պահանջել ապահովագրված անձից։
«Բացի այդ, սահմանված է ռեգրեսի առավելագույն շեմ, այսինքն՝ այն առավելագույն գումարը, որը կարող է հետ պահանջվել վարորդից։ Վերջին տարիներին բազմաթիվ վարորդների կողմից բարձրաձայնվել են բողոքներ այդ կապակցությամբ, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում աճում է էլեկտրական ավտոմեքենաների քանակը, որոնց վերանորոգման ծախսերը զգալիորեն բարձր են։ Այս բողոքների հիման վրա առաջարկվել է վերանայել նշված առավելագույն շեմը։ Նախատեսվում է, որ փոփոխությունը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և գործող շեմը՝ 800․000-ը, կփոփոխվի՝ դառնալով 500․000 դրամ։ Այս քայլը նպատակ ունի ավելի արդար բաշխել ռիսկերը և համապատասխանեցնել դրանք իրական շուկայի ծախսերին»,- տեղեկացրեց Տիգրան Քեյանը։
Ամփոփելով խոսքը՝ մեր զրուցկիցը նշեց, որ «ԿԱՍԿՈ»-ի հետ պայմանագիր կնքելուց առաջ կարևոր է, որ քաղաքացիները ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրեն այն, այլև խորհրդակցեն իրավաբանի կամ ապահովագրական ոլորտի մասնագետի հետ, քանի որ պայմանագրերը բարդ են, յուրաքանչյուր բաց թողնված դրույթ կարող է հետագայում հանգեցնել լուրջ ֆինանսական խնդիրների։
Հասմիկ Մովսիսյան