2026 թվականի հունվարի 3-ից շտապօգնության ծառայության մատուցման նոր կարգավորումները մի շարք լուրջ խնդիրներ են առաջացնելու՝ թե՛ իրավական, թե՛ առողջապահական և սոցիալական առումներով։ Այդ մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից նախատեսվող փոփոխություններին։
Նրա խոսքով՝ նոր համակարգով շտապօգնության ապահովագրական փաթեթը նախատեսում է տարեկան ընդամենը 8 անվճար կանչ, մինչդեռ նախկինում նման սահմանափակում գոյություն չուներ։ «Անհասկանալի է՝ ինչի՞ հիման վրա է ընտրվել հենց 8 թիվը․ ինչո՞ւ ոչ 12 կամ այլ տրամաբանական շեմ։ Շտապ, անհետաձգելի օգնությունը մաթեմատիկական ճշգրտությամբ սահմանափակելն ինքնին խնդրահարույց է»,- նշեց Վարդանյանը։
Փորձագետը շեշտում է, որ քաղաքացին չի կարող ինքնուրույն տարբերակել՝ իր վիճակը անհետաձգելի է, թե ոչ․ «Մարդը կարող է ասել՝ ձեռքն է ցավում, բայց իրականում դա կարող է լինել ինֆարկտ։ Բժշկական գիտելիքներ չունեցող անձից ախտորոշում պահանջելն անհնար է»։
Վարդանյանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ 2026-ից շտապօգնության մի շարք կանչեր ամբողջությամբ փոխանցվելու են Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությանը՝ մինչև 120 րոպեի ընթացքում սպասարկման պահանջով։ Նրա կարծիքով՝ գործող պոլիկլինիկական համակարգը պատրաստ չէ նման ծանրաբեռնվածությանը․ «Թերապևտների, մանկաբույժների, օնկոլոգների մոտ հերթերն արդեն իսկ մեծ են, և քաղաքացին պարզապես ֆիզիկապես չի կարող սպասել»։
Առանձին անդրադարձ կատարվեց խրոնիկ և ուռուցքային հիվանդներին, որոնք տնային պայմաններում այլընտրանք չունեն․ «Այս մարդիկ հաճախ շտապօգնություն են կանչում ոչ թե չարաշահելու, այլ որովհետև այլ մեխանիզմ պարզապես չկա։ Տնային խնամքի համակարգը Հայաստանում գրեթե բացակայում է»,- ասաց Վարդանյանը։
Փորձագետի համոզմամբ՝ շտապօգնության կանչերի սահմանափակումը ավելի շատ սոցիալական, քան առողջապահական խնդիր է և միտված է ֆինանսական խնայողությանը․ «Սա առողջապահական քաղաքականություն չէ, այլ ծախսերի կրճատում։ Այդ մոտեցումը չի բխում քաղաքացիների առողջության շահերից և անպայման վերանայվելու է՝ բողոքների ու խնդիրների պատճառով»։
Խոսելով շտապօգնության կանչերի ուղղորդման մեխանիզմի մասին՝ Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ «ուղղորդվող կանչերը» նորություն չեն և արդեն տարիներ շարունակ ամրագրված են գործող կարգավորումներում։ Նրա խոսքով՝ համապատասխան դրույթը ներառված է Առողջապահության նախարարի 2022 թվականի թիվ 57 հրամանի 57-րդ կետում, սակայն գործնականում այն գրեթե չի կիրառվել։
«Եթե նայեք 57-րդ կետը, կտեսնեք, թե ինչ է համարվում ուղղորդվող կանչ։ Այդ նույն բանը հիմա էլ գրված է, բայց իրականում չի աշխատել։ Հարցրեք ձեր շրջապատում՝ բժիշկներին, եղե՞լ է, որ շտապօգնությունը կանչը փոխանցի առաջնային օղակին՝ էլեկտրոնային համակարգով, «Արմեն»-ով։ 1000-ից մեկ դեպք է եղել, եթե եղել է»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն դեպքերում, երբ կանչը ձևակերպվում է որպես ոչ անհետաձգելի (օրինակ՝ 140/100 զարկերակային ճնշում կամ բարձր ջերմություն), շտապօգնությունը գործնականում չի փոխանցում այն ԱԱՊ ծառայությանը։ «Այս կարգավորումը գոյություն ուներ նաև նախկինում՝ և՛ 2020-ից հետո, և՛ դրանից առաջ։ Բայց չի գործել, ինչպես չի գործել նաև պետական պատվերի ժամանակ»,- ընդգծեց նա։
Վարդանյանը կասկածի տակ է դնում, որ նույն մեխանիզմը կարող է արդյունավետ աշխատել ապահովագրական համակարգի ներդրման պայմաններում։ Նրա համոզմամբ՝ շտապօգնության ծառայությունը, լինելով շահույթ հետապնդող փակ բաժնետիրական ընկերություն, գործնականում շահագրգռված չի լինի կանչերը դուրս բերել իր տիրույթից։
«Շտապօգնությունը կամ կսպասարկի կանչը անվճար կամ վճարովի, բայց չի փոխանցի այլ օղակի։ Բիզնես տրամաբանությամբ աշխատող կազմակերպությունը չի հրաժարվի ծառայությունից»,- նշեց նա՝ հավելելով, որ բացառություն կարող են լինել միայն որոշ մարզեր, որտեղ շտապօգնության ծառայությունը դեռ ամբողջությամբ չի առանձնացվել և գործում է նույն բժշկական կազմակերպության կազմում։
Փորձագետը հատուկ ընդգծեց նաև առաջնային օղակի նյութատեխնիկական և տրանսպորտային անպատրաստվածության խնդիրը․ «Եթե ուզում են իրականում ակտիվացնել տնային այցերը և պոլիկլինիկական ծառայությունները, ապա պետք է խոսեն նաև տրանսպորտի մասին։ Կան ամբուլատորիաներ, որոնք սպասարկում են 7-10 գյուղ։ Փորձեք այդ գյուղերով շրջել ու պատկերացնել՝ ինչպես պետք է բժիշկը հասցնի բոլոր կանչերին»։
Նույն խնդիրը, նրա խոսքով, առկա է նաև Երևանում․ «Թաղամասից թաղամաս՝ առանց մեքենայի գնալն՝ ինչպե՞ս են պատկերացնում։ Բժիշկը ո՞նց պիտի հասնի, ի՞նչ գործիքներով, ի՞նչ պայմաններում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները փաստաթղթերում պարզապես չկան»։
Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայացված կարգավորումները փաստացի նորություն չեն․ «Նույն տեքստը գրեթե ամբողջությամբ կրկնվել է, ընդամենը մեկ կետ է փոքր-ինչ խմբագրվել։ Ուստի ես համոզված եմ՝ այս մեխանիզմը նույնպես չի գործելու, ինչպես չի գործել նախկինում»։
Վարդանյանը քննադատեց նաև վարակիչ հիվանդությունների ցանկի փոփոխությունը, որի արդյունքում նախկինում պետության կողմից ամբողջությամբ անվճար բուժվող 24 հիվանդություններից այժմ մնացել են միայն 9-ը։ Նրա խոսքով՝ ցանկից դուրս են մնացել գրիպը, COVID-19-ը և այլ լայն տարածում ունեցող վիրուսային հիվանդություններ, իսկ պահպանվել են հիմնականում հազվադեպ հանդիպող հիվանդությունները։
«Երկու դեպքում էլ քաղաքականությունը նույնն է՝ հնարավորինս գումարի խնայողություն։ Առողջապահական առաջնահերթությունները երկրորդ պլան են մղվել։ Մենք աստիճանաբար գնում ենք դեպի բիզնես առողջապահություն՝ նախ բիզնես, հետո առողջապահություն»,- եզրափակեց Ծաղիկ Վարդանյանը։