
Տարածաշրջանային կարգավորմանը զուգահեռ Անկարան ակտիվացրել է Հայաստանի հետ սահմանի բացման տեխնիկական նախապատրաստությունը։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Ալիջանի անցակետում ենթակառուցվածքների արդիականացման մեկնարկի մասին՝ բեռնափոխադրումներ սկսելու նպատակով։
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում թուրքական կողմը արագացրել է սահմանային անցակետերի գործարկմանն ուղղված քայլերը։ Հղում անելով Yesil Igdir կայքին՝ հայտնի է դառնում, որ Ալիջանի անցակետում (սահմանակից է հայկական Մարգարային) սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ։ Ըստ աղբյուրի՝ գործընթացի արագացմանը նպաստել է հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը և առևտրային առաջին նախաձեռնությունների, մասնավորապես՝ դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի մատակարարման մեկնարկը։
Նախատեսվում է սահմանի բացումն իրականացնել փուլային տարբերակով. սկզբնական շրջանում Մարգարայի կամուրջը կծառայի բեռնափոխադրումների, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։ Ծրագիրը ներառում է նաև ճանապարհային ցանցի ընդլայնում՝ Ալիջանի ճանապարհը կապելով Քարաքոյունլուի խաչմերուկին և այսպես կոչված «Զանգեզուրի ճանապարհին», ինչը միտված է Իգդիրի ուղղությամբ լոգիստիկ կապի և առևտրային հնարավորությունների զարգացմանը։
Տեղում իրավիճակը գնահատելու նպատակով Ալիջան են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Հուսեյն Քյոքրը և Թուրքիայի ՊՆ լոգիստիկայի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-մայոր Ահմեթ Համդի Աթաչը։ Պաշտոնյաները քննարկել են ենթակառուցվածքների արդիականացման և սահմանային չափորոշիչների բարելավման հարցերը՝ ապահովելու անհրաժեշտ պայմաններ ապագա փոխադրումների համար։