Հայաստանում կենսաթոշակներ և նպաստներ ստացող բոլոր 660 000 քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 1-ից կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։
ԱԺ-ում 2021 թվականին ընդունված օրենսդրական փաթեթի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից սկսած վճարումն արդեն իսկ անկանխիկ էր արվում, սակայն ԱԺ-ն հնարավորություն էր տվել որոշակի դժվարություններ ունեցողների համար դեռևս կանխիկ գումար ստանալ։ Ըստ նախագծի՝ այդպիսի 58 000 քաղաքացի կա Հայաստանում։
Նրանց թվում են անձինք, ովքեր ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, 75 տարին լրացած կենսաթոշակառու են, 14 տարին չլրացած նպաստառու են կամ լիազորագրով կենսաթոշակ ստացողներ։ Այս խմբերի ներկայացուցիչները գումարը կարող են ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Նոր կարգավորմամբ՝ նրանք նույնպես կանցնեն անկանխիկ եղանակի, սակայն կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ։
Armenia Today-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին լրագրոողների հետ սեմինար-քննարկման ընթացքում մի շարք հարցեր է ուղղել նախարար Արսեն Թորոոսյանին՝ փորձելով պարզել, թե ինչ մեխանիզմներ է գերատեսչությունը օգտագործելու սահուն անցման համար։
Նախարարի խոսքով՝ թեև այս պահին դեռ մի շարք հարցեր են մնում չլուծված, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուն դեռ 3 ամիս կա, որի ընթացքում խնդրահարույց հարցերը կմեղմվեն։
«Ես հանձնարարել եմ ՄՍԾ-ին, որ զանգեն մեր քաղաքացիներին, հորդորեն, որ անցնեն անկանխիկի՝ առանց սպասելու ապրիլի 1-ին, որովհետև դա ձեռնտու է, ևես չեմ պատկերացնում, թե ինչու պետք է ձեռնտու չլինի»,- նշել է նա։
Պատասխանելով Armenia Today-ի դիտարկմանը, որ շատ գյուղական վայրերում չկան ոչ միայն բանկեր ու բանկոմատներ, այլ երբեմն նույնիսկ պոս-տերմինալներ, Թորոսյանն ասաց, որ բանկոմատները շուտով առհասարակ կարող են չլինել, քանի որ դրանք օգտագործում են միայն քարտն ակտիվացնելու համար։ Մենք խրախուսում ենք բանկոմատից փող չհանելը։ 20% հետվճարի հնարավորությունն այդ մասին է, որ՝ «մի՛ հանեք ձեր թոշակն ու առևտուրը, գնացե՛ք, արե՛ք առևտուր անկանխիկ, դա ավելի հետագծելի է, անվտանգ է, ձեռնտու է և՛ ձեզ, և՛ պետությանը»,- պարզաբանել է նա։
Ինչ վերաբերվում է խանութներում պոս-տերմինալնեի բացակայությանը, ապա Թորոսյանի խոսքով՝ հենց դա է իրենց հիմնական խնդիրը, որը պետք է լուծվի մինչ ապրիլ։
«Իհարկե կան որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնց սարքը կա՛մ «փչացել է», կա՛մ «չի աշխատում»։ Սա երկկողմանի օգտակար գործողություն է, որ մենք՝ քաղաքացին, պահանջի, որ չէ՛, եղբա՛յր, պիտի ստանաս պոս-ով։ Սա արվում է ՊԵԿ-ի հետ համագործակցելով, ԿԲ-ի հետ աշխատելով․․․ այնպես անենք, որ չլինի գեթ մեկ գյուղ ու խանութ, որտեղ չլինի պոս-տերմինալ»,- հավաստիացրել է նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ 660 000 թոշակ և նպաստ ստացող քաղաքացիների թիվն ամեն ամիս մոտավորապես 6000-ով իջնում է՝ անկախ ներդրած օրենքից։ Այս պահի դրությամբ նախագծում նշված 58 000 մարդկանց թիվը նվազել է 6000-ով։ Կանխիկով վճարվող 52 000 անձինք էլ, գերատեսչության ղեկավարի տեղեկությամբ՝ մի քաղաքաի կամ գյուղի բնակիչներ չեն, որտեղ կա պոս։ Այս թիվը նվազում է նաև հետվճարի բարձրացման շնորհիվ»,- նշեց Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ շարժունակության խնդիր ունեցողների հարցն է բարդացնում անցումը անկանխիկին։ Նա պարզաբանեց, որ բանկային աշխատողը կայցելի նրանց բնակարաններ, որպեսզի քաղաքացին տանը կարողանա ակտիվացնել քարտն ու պին-ը։ Իմ գնահատականով՝ դրանք 5-10 000 քաղաքացիներ են, քանի որ հենաշարժողական խնդիր ունեցող մոտավորապես 3000 քաղաքացի ունենք, սակայն նրանցից ոչ բոլորն են կանխիկ ստանում։
Մեր թղթակցի հարցին, թե ի՞նչ վիճակագրական տվյալներ կան 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների շրջանում, փոխնախարար Տիգրան Խաչատրյանն արձագանքեց։ Նրա խոսքով՝ այդպիսի մարդկանց թիվը մոտավորապես 70 000 է, սակայն նշվածներից 53 000-ն ինքնակամ գնացել է անկանխիկի։
«Նրանց մոտավորապես 72%-ը անցյալ շաբաթվա ընթացքում անցել է անկանխիկի։ Մնացել է 18 000-19 000 մարդ, որոնց մի մասը նույնպես մինչև ապրիլի 1-ն անցած կլինի անկանխիկի»,- պարզաբանել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ 75 տարեկանից բարձր քաղաքացիները, երբ դառնում են 76 տարեկան, չեն վերադառնում կանխիկի, նրանք արդեն հարմարվել են քարտային տարբերակին։
