Անդրեյ Երմակի հետ աշխատանքից ազատել են նրա բոլոր խորհրդականներին ու օգնականներին, այդ թվում՝ Միխայիլ Պոդոլյակին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Անդրեյ Երմակի հրաժարականից հետո նրա բոլոր խորհրդականներն ու օգնականներն ազատվել են  աշխատանքից։ Այս մասին «Украинские новости»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախագահի աշխատակազմից, փոխանցում է Meduza-ն։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը չի տրամադրել աշխատանքից ազատվածների ցուցակը։

2024 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Անդրեյ Երմակն ունեցել է ինը խորհրդական և օգնական՝ Ալեքսանդր Բևզը, Լիլիա Պաշիննայան, Վիկտորյա Ռոմանովան և Տատյանա Գայդուչենկոն՝ լրիվ դրույքով, իսկ Սերգեյ Լեշչենկոն, Դարիա Զարիվնայան, Միխայիլ Պոդոլյակը, Էլինա Ելյանովան և Ալեքսանդր Ռոդնյանսկին՝ արտահաստիքային։

Միխայիլ Պոդոլյակը «Детектор Медia»-ին ասել է, որ շարունակում է աշխատել որպես նախագահի աշխատակազմի խորհրդական։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Լեշչենկոն, Պոդոլյակը և Բևզը տեղափոխվել են գրասենյակում այլ պաշտոնների: Լեշչենկոն հայտնել է, որ ինքը և Պոդոլյակը նախագահի աշխատակազմում խորհրդականներ են նշանակվել։

Նոյեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Երմակը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Զելենսկին թափուր պաշտոնի համար մի քանի թեկնածու է առաջադրել, սակայն դեռևս չի ընտրել իր գրասենյակի նոր ղեկավար։ «Зеркало недели»-իի տվյալներով՝ նախագահը ձգտում է պահպանել Երմակի կողմից իր համար կառուցված իշխանության համակարգը և կփորձի թուլացնել իր գրասենյակի ղեկավարի իրական դերը։

Լրագրողների աղբյուրները նշում են, որ Զելենսկին պատրաստ է անմիջականորեն կառավարել իր գրասենյակը՝ «դրան թողնելով զուտ տեխնիկական գործառույթներ»։ Հաղորդվում է նաև, որ չնայած Երմակի պաշտոնանկությանը՝ Զելենսկին շարունակում է ամեն օր շփվել նրա հետ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment