Երևանի համար հատուկ մեքենա կգնեն, որը կարձանագրի ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու աղբը

Երևանի համար հատուկ մեքենա կգնեն, որը կարձանագրի ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու աղբը

22 դեկտեմբերի 2025 – 15:53 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն ավտոմեքենա, որը հատուկ սարքավորումներով կշրջի Երևանի փողոցներում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու կուտակվող աղբը: Այդ մասին գործակարգավարական նիստում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նշել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են, հայտնում է Արմենպրեսը։

«Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, մեր ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևան քաղաքում փոսերի վերաբերյալ տվյալներ: Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում մի առանձին ավտոմեքենա՝ իր Lidar սարքավորումներով, որն ուղղակի բոլոր փողոցներով շրջելու է, արձանագրելու է ոչ միայն Երևանի ասֆալտի վիճակը, այլ նաև տարբեր հատվածներում կուտակվող աղբը, ապօրինի գովազդները, այն ամենը, ինչ մենք կծրագրավորենք»,-ասել է քաղաքապետը։

Այսինքն՝ այն գործառույթները, որ տարբեր ստորաբաժանումներ ֆիզիկապես պետք է գնային ու իրականացնեին, ավտոմատացվում են: Ավինյանը նկատեց՝ հետևապես վարչությունների գործառույթները փոքր-ինչ փոխվելու են:

Leave a Comment