Չինացի նավաշինարարները ջուրն են իջեցրել մեթանոլով աշխատող աշխարհում առաջին գերխոշոր նավթատար լցանավը՝ «Կայտո»-ն: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ 333 մետր երկարություն ունեցող նավը կարող է տեղափոխել շուրջ 2,1 միլիոն բարել հում նավթ:
Այն աշխատում է երկվառելիքային շարժիչով՝ մեթանոլի մատակարարման համակարգով, ինչը թույլ է տալիս ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 92%-ով, իսկ ծծմբի օքսիդներինը՝ 99%-ով՝ համեմատած սովորական մազութի օգտագործման հետ:
Լցանավը հագեցած է «ինտելեկտուալ» հարթակով, որն օպտիմալացնում է հեղուկ բեռների կառավարումը, մեքենայական բաժանմունքի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը, ինչը զգալիորեն բարձրացնում է նավի տնտեսողունակությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը:
Նավը կառուցվել է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի՝ Դալյանի ստորաբաժանման կողմից: Այն սպասարկելու է Մերձավոր Արևելք – Հեռավոր Արևելք երթուղին: