ԱՄՆ-ն չի պլանավորում դաշնային բյուջեից մոտավորապես 60 միլիարդ դոլար հատկացնել Գազայի ենթակառուցվածքների վերականգնմանը։ Հայտարարել է Պետդեպարտամենտը, մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանի համար լայնածավալ ֆինանսավորման ծրագրի մասին հաղորդագրությունները։
«Դրանք կեղծ լուրեր են: Ծրագրում ոչ մի տեղ նշված չէ, որ ԱՄՆ-ը 60 միլիարդ դոլար է վճարելու», – ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի Մերձավոր Արևելքի հարցերով դեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ամերիկացի պաշտոնյաները առանցքային պոտենցիալ դոնոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային և Եգիպտոսին, ներկայացրել են Գազայի հատվածի վերականգնման ծրագրի շնորհանդեսը: Ըստ պարբերականի տվյալների՝ խոսքը PowerPoint ձևաչափով 32 էջանոց փաստաթղթի մասին է, որը նշված է եղել որպես «կոնֆիդենցիալ, բայց ոչ գաղտնի»:
Ինչպես պնդում է թերթը, նախագիծը նախատեսում է Գազայի փուլային վերականգնում՝ վրաններում բնակիչների ժամանակավոր տեղավորումից մինչև ժամանակակից առափնյա կառուցապատում և տնտեսության զարգացում։ Նախաձեռնության ընդհանուր արժեքը, ըստ սևագիր տարբերակի, տասը տարվա ընթացքում գնահատվում էր 112,1 միլիարդ դոլար։
Ընդ որում, WSJ-ի հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը կարող է հանդես գալ որպես նախագծի «առանցքային» մասնակից՝ գրեթե 60 միլիարդ դոլար տրանադրելով դրամաշնորհների և վարկային երաշխիքների տեսքով՝ ծրագրի տարբեր ուղղությունների համար։ Հետագայում, ինչպես պնդվում է փաստաթղթում, Գազայի հատվածը պետք է անցնի ինքնաֆինանսավորման և տնտեսական աճի հաշվին աստիճանաբար կրճատի պարտքային բեռը։