22 դեկտեմբերի 2025 – 13:30 AMT
PanARMENIAN.Net – Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը հայտնել է, որ 2025 թվականին քաղաքաշինական ծրագրերից մուտքագրված եկամուտներն անցել են նախանշված սահմանը։
«Քաղաքաշինական ծրագրերին տված հավանության արդյունքում հավաքագրված եկամուտները 2025 թվականին ծրագրավորված է եղել 17.1 մլդ դրամ, սակայն փաստացի հավաքագրվել է 18.7 մլրդ»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նրա ներկայացրած թվերից երևում է, որ միայն 2025-ին քաղաքապետարանը հավանություն է տվել 110 խոշոր քաղաքաշինական նախագծի, երկարաձգել է 241 շինարարական թույլտվություն, տրամադրել 88 նոր շինթույլտվություն, ինչպես նաև իրականացրել է 107 նախագծի վերահամաձայնեցում։
Վարդազարյանը նշել է, որ քանդման աշխատանքների համար ևս տրվել է 17 խոշոր ծրագրի թույլտվություն։
Նրա խոսքով՝ քաղաքաշինական խոշոր ծրագրերից մուտքագրված եկամուտները գերազանցել են ծրագրավորված չափը մոտ 1 միլիարդ 513 միլիոն դրամով։
Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվել էին 2025 թվականի նոյեմբեր ամսվա օդի որակի վերաբերյալ ցուցանիշները, որոնք ստացվել են քաղաքում տեղադրված չափման սարքերից։ Ըստ այդմ՝ նոյեմբերին Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայանից ստացված տվյալների համաձայն՝ օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2.5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում: