Իլոն Մասկի կարողությունը հատեց $700 մլրդ-ի սահմանը

Forbes-ի գնահատմամբ՝ Իլոն Մասկի կարողությունը հասել է ռեկորդային $749 մլրդ-ի: Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Դելավերի Գերագույն դատարանը վերականգնեց Մասկի իրավունքը Tesla-ի բաժնետոմսերի նկատմամբ (շուրջ $139 մլրդ արժողությամբ), որը նախկինում չեղարկվել էր ստորադաս դատարանի կողմից։

Դեռևս 2024 թվականի հունվարին դատարանը որոշել էր, որ Մասկին բաժնետոմսեր տրամադրելու գործընթացն անարդար է եղել բաժնետերերի նկատմամբ, ինչի պատճառով Forbes-ը մինչ օրս այդ փաթեթի արժեքը հաշվարկում էր 50% զեղչով: Դատարանի նոր որոշումից հետո Forbes-ը հեռացրել է այդ սահմանափակումը՝ Մասկի կարողության գնահատականն ավելացնելով $69.5 մլրդ-ով:

Այս որոշման արդյունքում Tesla-ն կրկին դարձավ Մասկի ամենաթանկարժեք ակտիվը. նրա ընդհանուր բաժնեմասն ընկերությունում գնահատվում է $338 մլրդ: SpaceX-ը, որը գնահատվում է $800 մլրդ, Մասկի ակտիվների ցանկում երկրորդն է՝ $336 մլրդ-ով: Ընդ որում, վերլուծաբանները կանխատեսում են, որ SpaceX-ի հնարավոր հանրային տեղաբաշխումը (IPO) 2026 թվականին կարող է Մասկին դարձնել աշխարհի առաջին տրիլիոնատերը:

Նշենք, որ Մասկն այժմ գրեթե երեք անգամ ավելի հարուստ է, քան աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ում կարողությունը գնահատվում է $253 մլրդ:

Leave a Comment