ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին կարող է այցելել Սուրբ Էջմիածին, հայտնում է 24News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ վարչապետի մասնակցությունը պատարագին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հնարավոր կալանավորումը։
Նշվում է, որ «հաջողությունն» ապահովելու համար անվտանգության ուժերը կարող են նախապես գործողություններ սկսել, այդ թվում՝ Սուրբ Էջմիածնի տարածքի շրջափակում, խուզարկություններ և կաթողիկոսին հավատարիմ համարվող հոգևորականների կալանավորում, գրում է կայքը։
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն կաթողիկոսի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառին դեմ արտահայտված կառավարության կողմնակիցները, այդ թվում՝ 10 հոգևորական, ովքեր նույն օրը նամակ էին հանձնել Սուրբ Էջմիածնի քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Երկրորդի հրաժարականը։
