ԲՏԱ նախարարությունը 1.5 միլիարդ դրամ է փոխանցել ԱՄՆ քաղաքացուն պատկանող ընկերությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 1 միլիարդ 590 մլն դրամ է փոխանցել «Փլագ Ընդ Փլեյ Երևան» ՍՊ ընկերությանը՝ աքսելերացիոն ծրագրերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման համար: Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի: 

Պետգնումների պաշտոնական կայքում գնման պայմանագրին կցված չէ հավելվածը, որում պետք է առկա լիներ այդ ծառայությունների վերաբերյալ տեղեկություն, սակայն «աքսելերացիա» տերմինը կառավարության նիստերից մեկում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը բացատրել է հետևյալ կերպ. «Շահառուները կարող են լինել ինչպես արդեն իսկ գործող ստարթափ ընկերություններ, այնպես էլ տարատեսակ նորարարություններով զբաղվող խմբեր: Ստարտափ ընկերությունները այն ընկերություններն են, որոնք դեռևս պրոդուկտի կայացման կարևոր փուլ են անցնում՝ ի տարբերություն արդեն կայացած խոշոր կորպորացիաների»: 

Այսինքն՝ ստացվում է, որ ընկերությանը այս խոշոր գումարը փոխանցվել է «ստարտափ ընկերություններին ու նորարարություններով զբաղվող խմբերին» աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպելու համար: Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ ԲՏԱ նախարարությունից, սակայն կայքում նշված հեռախոսահամրին մեր զանգերը մնացին անպատասխան: 

Պետական ռեգիստրից «News.5tv.am»-ը տեղեկանում է, որ «Փլագ Ընդ Փլեյ Երևան» ՍՊԸ-ի բաժնեմասի 100 տոկոսը պատկանում է ԱՄՆ քաղաքացի Սաիդ Ամիդհոզուրին, ընկերությունը գրանցվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին:

Leave a Comment