ՆԱՏՕ-ի երկու երկրների հետախուզական ծառայությունները կասկածում են, որ Ռուսաստանը նոր զենք է ստեղծում, որի նպատակը Իլոն Մասկի Starlink ընկերության կապի արբանյակների խոցումն է, գրում է Associated Press-ը։ Գործակալությանը հաջողվել է ծանոթանալ հատուկ ծառայությունների զեկույցներին։
Հետախուզական տվյալների համաձայն՝ զենքը փորձելու է արբանյակների ուղեծրերը «հեղեղել» հարյուր հազարավոր փոքրիկ գնդիկներով (որոնք անտեսանելի կլինեն տիեզերական օբյեկտները սկանավորող համակարգերի համար), որպեսզի միանգամից շարքից հանեն մի քանի արբանյակ և պոտենցիալ վնաս հասցնեն ուղեծրային այլ համակարգերին:
Զեկույցից հետևում է, որ Ռուսաստանը Starlink-ի արբանյակները լուրջ սպառնալիք է համարում: Դրանք թույլ են տալիս ինչպես ուկրաինացի զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց (այդ թվում՝ պաշտոնյաներին) օգտվել ինտերնետից՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ այն տարածքներում, որտեղ ավանդական ենթակառուցվածքները ոչնչացված են:
Այն փաստաթղթում, որին ծանոթացել է AP-ն, չի նշվում, թե երբ այս զենքը պատրաստ կլինի կիրառման համար:
AP-ի կողմից հարցված մասնագետները, ովքեր չեն կարդացել հետախուզական զեկույցները, կարծում են, որ նմանատիպ զենքը չափազանց ռիսկային կլինի և կարող է անվերահսկելի քաոս ստեղծել տիեզերքում, ինչպես նաև խնդիրներ առաջացնել հենց Ռուսաստանի և նրա դաշնակից Չինաստանի համար:
AP-ին չի հաջողվել անկախ աղբյուրներով ստուգել հետախուզական տվյալները: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի տիեզերական ուժերը հրաժարվել են մեկնաբանել փաստաթուղթը: