22 դեկտեմբերի 2025 – 12:34 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեկտեմբերի 18-ին Մայր տաճարի խոյակին մագլցած անձը՝ օպերայի փոխտնօրենն է։
Նա հավելել է, որ, նկատելով այդ անձի պահվածքը, տեղում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին։
«Դեկտեմբերի 18-ին խուլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը ոչ ավել, ոչ պակաս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է:
Վերջինիս հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ է սրտի կաթված ստացել Տեր Վրթանես Բաղալյանը:
Նկատելով սույն անձի պահվածքը՝ տեղում հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանապետ Ղազարյանին (երևում է կից տեսանյութում):
Հետաքրքիր է, ի՞նչ գործ ունի մշակութային հաստատության ղեկավարը Մայր Աթոռի մուտքի խոյակի վրա՝ գրոհելու ցուցում տալիս:
Այսպե՞ս է վարձահատույց լինում վարչակարգի պարագլխին՝ օպերային թատրոնում իր պաշտոնում մնալու, կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց: Նշեմ, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ վերջինիս անպարկեշտ պահվածքի մասին:
Առանձին կանդրադառնամ նաև այն համայնքապետերին, որոնք մասնակիցն էին դարձել այս խուլիգանությանն ու աչքի ընկան սեփական հայրենակիցներին հայհոյելով, լկտի արտահայտություններ անելով:
Բոլոր մասնակիցները բացահայտվելու և վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Վախեցե՛ք Աստծո դատաստանից:
Չի՛ ներվելու մեր Սուրբ եկեղեցին անարգելու և պղծելու փորձ անող որևէ մեկը. լինի իշխանության ներկայացուցիչ, տիրադավ եպիսկոպոս, թե հանուն պաշտոնի ամեն սրբություն ուրացող որևէ անձնավորություն»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։