Դավթաշեն վարչական շրջանի բնակչուհի, բժիշկ Լիլիթ Կուջոյանն ահազանգում է՝ ողջ Դավթաշենը 4 թաղամասերով հանդերձ, հիմա էլ ամբողջ օրով գազազրկված է այս ցուրտ օրերին:
Նա մասնավորապես գրել է.
«Երևի պատասխանատուների համար նորմալ է, որ օրինակ աշխատող կինը նախորդ ողջ օրը ջուր չուներ, հիմա գազ, դրանից բխող կենցաղային և հիգիենիկ հետևանքներով։
Կեցցեք, շարունակեք շենք- շինությունների վերհանումը, բակային տարածքներում ավտոտնակների ներսում այլ գործունեության ծավալման թույլտվությունների շռայլումը, առանց հաշվի առնելու առկա կոմունալ ենթակառուցվածքների հնարավորությունները:
Որպես հավելում – Դավթաշենի մեր բակի պատկերն է նկարում, հերթական չորրորդ շաբաթն է, ինչ համատիրությունը հավաքել է տերևները, լցրել տոպրակների մեջ։ Շները ինչքանը խառնել-թափել են, մնացածն էլ այդպես դրված, խաղահրապարակի տարածքում:
Այսինքն, երեք ամիս է, ինչ այստեղ աղբ դատարկող մեքենա չի մտել:
Հիշում եք, նախորդ աշնանը իմ կոնֆլիկտը համայնքի ղեկավարի հետ իր անգործունակության պատճառով։
Հիմա էլ անիմաստ եմ համարում որևէ բան ասելը, քանի որ իմ դառը փորձից ելնելով եզրահանգել եմ. իր աշխատանքից դժգոհների մասին բամբասանքն է խրախուսում ու ենթակաների կողմից` կանանց հանդեպ կոպիտ ու անդաստիարակ վարքականոնների, ջատագովմամբ է աչքի ընկել։
Նկարները արված են հենց այս պահին։
Իմ անջուր, անգազ, կեղտոտ Դավթաշեն. Կեցցեն մեր իշխանությունները :
Կրկին անգամ շնորհակալություն մեր հարկերի հաշվին այսպիսի ապրելակերպի համար:
Կուզեմ, որ ձեզ միշտ ձեր որակի բժիշկներ հանդիպեն, հաստատ գոհ կլինեք:
Սիրելի և հարգելի լրագրողներ, ավագանիներ, պատգամավորներ, մի քիչ ուշադիր եղեք այս թաղամասին, շրջայցեր արեք, շատ բան կտեսնեք»։