Ուիթկոֆը Դմիտրիևի հետ Ֆլորիդայում բանակցությունները կառուցողական է անվանել

Քաղաքականություն

22.12.2025 | 11:46

Մայամիում ռուսական պատվիրակության հետ երկօրյա բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆն «արդյունավետ և կառուցողական» է գնահատել՝ գործնականում բառացիորեն կրկնելով իր հայտարարությունը ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման արդյունքների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը նախկինի պես հանձնառու է Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ջանքերն ու աջակցությունն ուկրաինական հակամարտության կարգավորման և համաշխարհային անվտանգության վերականգնման գործում»,- X-ում գրել է Ուիթկոֆը։

Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը նույնպես ավելի վաղ նմանատիպ մեկնաբանություն էր արել բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Ո՛չ ռուսական, ո՛չ էլ ամերիկյան կողմը այլ մանրամասներ չեն հրապարակել։

Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպմանը նախորդել էին ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև եռօրյա բանակցությունները, որոնց ավարտին ևս Ուիթկոֆը հայտարարել էր, որ Կիևը շարունակում է հանձնառու մնալ խաղաղության հասնելուն:

Ուիթկոֆի խոսքով՝ ամերիկացիները Կիևի ներկայացուցիչների հետ քննարկել են չորս փաստաթուղթ, այդ թվում՝ 20 կետանոց խաղաղության ծրագիրը, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը և Ուկրաինայի հետագա տնտեսական զարգացման ծրագիրը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment