«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով»․ անկում, կայունացում, տնտեսական ազդեցություն

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով»․ անկում, կայունացում, տնտեսական ազդեցություն

«Հանքարդյունաբերության տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում 2021-ից մինչև 2024 թվականը նվազել է՝ 5,5%-ից հասնելով մինչև 2,6%-ի, քանի որ 2022 թվականից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, տնտեսությունը շատ արագ սկսեց աճել»,- այս մասին հայտնել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանը «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով» հետազոտության քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր ՝ Տնտեսական լրագրողների ակումբը։ 

Սուրեն Պարսյանը նշեց, որ 2023-2024 թվականները ՀՀ հանքարդյունաբերության համար եղել են որոշակի կայունացման ժամանակաշրջան. «Այս տարվա պաշտոնական ցուցանիշներով արդեն հանքարդյունաբերությունը 1,5% աճ է ապահովել։ Այսինքն՝ անցած տարիների անկումից հետո որոշակի աճ ունենք, սա որպես դրական հանգամանք պետք է որակենք՝ հաշվի առնելով այն բոլոր փորձությունները, որոնց միջով այս ոլորտն անցել է»։

Հետազոտությունից հայտնի է դառնում, որ ոլորտի ձեռնարկությունները բավականին լուրջ մուտքեր են ապահովում ազդակիր համայնքների համար՝ մի քանի միլիոնից մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ։ Սուրեն Պարսյանի խոսքով՝ առանձին դեպքերում նույնիսկ միլիարդի են հասնում այդ վճարները։

«Հանքարդյունաբերության ոլորտը նաև բարձր աշխատավարձով ապահովող ոլորտ է համարվում։ Մասնավորապես, Սյունիքի մարզում միջին աշխատավարձը 835 հազար դրամից բարձր է կազմում։ Սյունիքում բարձր աշխատավարձերի գործոնն իր ազդեցությունն է թողել նաև Հայաստանի աղքատության ընդհանուր ցուցանիշների վրա։ Օրինակ՝ 2023 թվականին աղքատության ցուցանիշը Հայաստանում 23,7% էր, իսկ Սյունիքի մարզում՝ 7% կամ մեկ այլ հանքարդյունաբերական մարզում՝ Լոռիում 14,2 %  էր։ 2024-ին ցուցանիշներն ավելի են բարելավվել, և պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքում 2024-ին աղքատության ցուցանիշը կազմել է 6,2%»,- ներկայացրեց Պարսյանը՝ նշելով, որ ոլորտի ձեռնարկություններն առանձին մարզերի մասով բավականին լուրջ սոցիալական ազդեցություն են ապահովել։

Հետազոտության տվյալների համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում վերջին 10 տարվա ընթացքում շուրջ 600-700 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Նշենք, որ խոսքը վերաբերում է մետալուգիական արդյունաբերությանը, և այդ ոլորտում գործում է 4-5 ընկերություն։

 «2024 թվականին այս ոլորտում ներդրումները բավականին նվազել են, բայց «Ամուլսարի» վերագործարկումը կարող է էապես բարելավել ցուցանիշը։ 2024 թվականին հանքարդյունաբերական ընկերություններն ապահովել են 520 մլրդ դրամի շրջանառություն։ 2022-ի համեմատ շրջանառության որոշակի անկում է գրանցվել, բայց 2025-ին ցուցանիշների  բարելավում կա։ Ոլորտի շրջանառության վրա ազդել է ինչպես մետաղների գների փոփոխությունը, այնպես էլ հանքաքարի արդյունահանման ծավալների ավելացումը»,- հայտնեց հետազոտության հեղինակը։

Հանքարդյունաբերության ազդեցությունը մեծ է նաև աշխատատեղերի ապահովման առումով։ Ըստ Պարսյանի՝ 2025 թվականի հուլիսի դրությամբ ոլորտում մոտ 13 հազար աշխատող կա։

«2024 թվականին հանքարդյունաբերական ձեռնարկությունները միասին վճարել են շուրջ 130 մլրդ դրամի հարկեր, որից կոնկրետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է 102 մլրդ դրամ հարկ։ Կարող ենք ասել, որ ոլորտի հարկերի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում հենց ԶՊՄԿ-ին։ Փաստացի այս ոլորտում մենք ունենք մեկ ձեռնարկություն, որը հիմնական դերակատար է, և այդ ձեռնարկության լավ կամ վատ աշխատելը ոլորտի ցուցանիշները կտրուկ փոխում է»,- ասաց նա։

Սուրեն Պարսյանը նկատեց, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը պետական քաղաքականության ոչ  այդքան  հստակ լինելն է․ «Երբ հանքարդյունաբերական ձեռնարկությունը ստանում է թույլտվություն՝ այս կամ այն հանքը շահագործելու և գործունեություն ծավալելու համար, ապա բոլոր երաշխիքները պետք է լինեն նրա գործունեությունն իրականացնելու համար։ Ներդրողներից շատերն այս ոլորտում հենց դա են կարևորում, որ իրենց պետք են երկարաժամկետ երաշխիքներ ու հնարավորություններ՝ իրենց ներդրումներն իրականացնելու համար»։

Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն այս հետազոտությունն աննախադեպ աշխատանք որակեց՝ նշելով, որ ոլորտին վերաբերող այս ծավալի աշխատանք դեռ չի եղել։

«Հանքարդյունաբերության ազդեցությունն ահռելի է, չնայած, որ ընդդիմադիրներ կան, որոնք ասում են, որ կամ ազդեցությունն է  քիչ,  կամ  էլ նույնիսկ պետք չէ մեզ հանքարդյունաբերություն։  Բայց առանց դրա Հայաստանն ուրիշ տնտեսական շարժիչ գրեթե չունի, կամ էլ շատ քիչ են, և  դրանք չունեն այնքան ներուժ,  որքան հանարդյունաբերությունը։Այդպիսի ներուժ ունեցող միակ համեմատելի  ոլորտը էներգետիկան է։ Շատ ենք կարևորում ներդրողների դերը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Իսկ ներդրողին ի՞նչ է պետք, պետք է շահութաբերություն ապահովել։ Այդպիսի շահութաբերություն ապահովող իրական ոլորտները, որոնք պետք է նաև աշխատեն ու կարողանան մրցունակ լինել միջազգային շուկաներում, դա էներգետիկան ու հանքարդյունաբերությունն են»,- ասաց Ջհանյանը՝ շեշտելով, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել ոլորտի վերաբերյալ քննարկումները։

Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանն էլ esj.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․«Լավ կլիներ, որ նման զեկույցներն  ավելի հանրային ձևով ներկայացվեն՝ ելնելով ոլորտի նկատմամբ հասարակության վերաբերմունքից։

Մարդիկ պետք է հասկանան, որ միայն տուրիզմով կամ գյուղատնտեսությամբ երկիր չես կարող պահել։ Գյուղատնտեսությունը խոցելի է՝ կախված կլիմայական պայմաններից, իսկ զբոսաշրջության խոցելիությունն էլ արդեն Քովիդի ժամանակ պարզ դարձավ․․․ Միակ ոլորտը հանքարդյունաբերությունն էր, որ կարողացավ այդ ժամանակ երկիրը պահել»։

Գնահատելով այսպիսի հետազոտությունների կարևորությունը՝ փորձագետը նշեց, որ կոնկրետ այս հետազոտության մեջ չնկատեց ստորգետնյա եւ բաց հանքերի տնտեսական շահույթների տարանջատումը, իսկ տվյալները միայն գործող խոշոր հանքավայրին էին վերաբերում․«Ստորգետնյա հանքերի ինքնարժեքը բարձր է եւ ծախսն ավելի մեծ է, քան՝ բաց հանքերինը։ Երբ գինն իջնում է, շահույթը նվազում է, անգամ կարող է վնաս կրեն։ Միգուցե պետք է պետությունն այսպիսի դեպքերում ինչ-որ արտոնություններ տա, որպեսզի ստորգետնյա հանքերը կարողանան ավելի շատ արտադրանք տալ»։

Leave a Comment